10:44, 15 Օգս 2019
Քաղաքական

ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից հետո շատերին պարզ դարձավ, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի. Արմեն Աշոտյան

ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից հետո շատերին պարզ դարձավ, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամի ձերբակալության անմեղսունակ քայլի առիթով ձեր հարյուրավոր զանգերի, նամակների եւ գրառումների համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իրենց կարծիքը եւ վերաբերմունքը հրապարակավ հայտնողներին՝ անկախ մեր ունեցած հարաբերություններից եւ քաղաքական հայացքներից։

Ով էլ Արամի հետ ճամփա է ընկել, հաց կիսել, իրեն տան ճանապարհը բացատրել, ջերմ եղել, իսկ այսօր այս խայտառակությունը չտենալու է տվել, լռել ու ջայլամի պես գլուխը մտցրել Երեւանի փողոցների գարշահոտ աղբակույտի մեջ, Աստված ձեզ դատավոր։

Մի բան ակնհայտ է. ինձ լռեցնելու անհեթեթ փորձը տապալվեց Արամի ազատազրկման գնով։

Ու կարող եմ վստահ ասեմ, որ Արամը այն մարդն է, որ ամեն գնով կպայքարի իմ, ձեր ու բոլորիդ ազատ ապրելու համար՝ նույնիսկ այս գնով։

Անգամ Բաքվում, որտեղ ինքնակամ ինձ էր ուղեկցում, նա ամուր էր կանգնած ոտքերի վրա, իր Հայրենիքում հարուրապատիկ ամուր է լինելու։

Առաջին իսկ օրվանից, հատկապես, ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից հետո շատերին պարզ դարձավ, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի։

Դատեք ինքներդ։ Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյո՞ք այս գործը ընդհանրապես կծնվեր։ Եթե անգամ 1% հավանականությամբ այո, արդյո՞ք ֆինանսական փոխհատուցումից հետո այն շարունակություն կունենար։ Եթե էլի 0.0001 % այո, ապա արդյո՞ք Արամը կձերբակալվեր։ Իհարկե, ոչ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն արդեն բողոքարկել է ձերբակալման որոշումը եւ այսօր ժամը 6-ին դատարանը պետք է որոշի, թե երկրից փախնելու անհեթեթ պատրվակով ազատազրկված Արամը մնու՞մ է անազատության մեջ, այն դեպքում, երբ շատ լավ իմանալով հետապնդման սպառնալիքի մասին, ձերբակալությունից մի օր առաջ իր տիկնոջ եւ զավակի հետ վերադարձել է Վրաստանից։

Հա, ի դեպ։ Եթե այս ամենը իմ դեմ չէ, բա հարց չտա՞նք երկրի հետ սեփական մորուքի նման խաղացող զբոսավարին, թե նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչու՞ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն ձերբակալել էր Արմեն Աշոտյանի ընկեր, վարորդ եւ օգնական Արամ Բարսեղյանին, ինչի մասին հենց.

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:

Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:

Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չի հաջողվելու։

Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ “հախից եք” ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դեռ այսքանը»:


Նմանատիպ նորություններ