16:37, 8 Նմբ 2019
Քաղաքական

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Ռոբերտ Քոչարյան․ Սպուտնիկ Արմենիա

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Ռոբերտ Քոչարյան․ Սպուտնիկ Արմենիա

 

Սպուտնիկ Արմենիան գրում է․ «Չնայած ձերբակալությանը ՝ նախկին նախագահը մնում է ակտիվ քաղաքական գործիչ։ Sputnik Արմենիան իր գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար ։

Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում եւ երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվեց ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել էր քննչական մեկուսարանում։

Համաշխարային քաղաքակրթության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

Ռոբերտ Քոչարյան

 

Նմանատիպ նորություններ

  • 22:07, 12 Նմբ 2019
    «Նախագահը պատանդի կարգավիճակ ունի». Ռոբերտ Քոչարյանի աջակից

    Ռոբերտ Քոչարյանը պատանդի կարգավիճակ ունի: Հայտարարել են դատարանի դիմաց հավաքված երկրորդ նախագահի աջակիցները: Նրանց շարքերում Լիլիթ Սարգսյանը հանդիպել է նաև Քոչարյանի նախագահության տարիներին հայրենադարձված սիրիահայի:

  • 22:06, 12 Նմբ 2019
    Սիմիդյանն ու Աթաբեկյանը վիճել են, իսկ Սիփան Փաշինյանը ծխում է

    Ազգային ժողովի միջանցքում լրագրողները նկատել են, որ միմյանց քաշքշում են Իմ քայլի պատգամավորները: Նրանք փորձել են հերքել են, թե նման բան է տեղի ունեցել: Իրականում ավելի են խորացրել կասկածները, քանի որ տեղի ունեցածի վերբերյալ հակասական մտքեր են հայտնել:

  • 22:02, 12 Նմբ 2019
    Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիեվին

    Ոչ մի կերպ խաղաղության չնախապատրաստվող Ադրբեջանի նախագահին Հայաստանի վարչապետը Փարիզից հորդորել է հայտարարել, թե Ադրբեջանը նույնպես ցանկանում է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին: Այս հայտարարությունից առաջ Փաշինյանը մեկ այլ հայտարարություն է արել՝ ասելով, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ ուղիղ երկխոսությունից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ուզում է Արցախը առանց արցախցիների:

  • 21:59, 12 Նմբ 2019
    «Բոլոլա»՝ ազգային ժողովում. ԲՀԿ-ի օրինագծերը մերժվում են

    Արցախյան պատերազմի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը մոտ մեկ տարի առաջ հայտարարում էր, թե 2018-ի իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, այսօր խորհրդարանում անսպասելի հայտարարություն է արել: Նա կասկած է հայտնել, թե մի օր էլ իրեն կդատեն Խոջալուի ցեղասպանության մեղադրանքով: Իմ քայլական պատգամավորը այսպիսի դիտարկում է արել, երբ իր գործընկեր Հովիկ Աղազարյանը օրինագծերից մեկն անվանել է նյու-ֆիդայական:

  • 21:51, 12 Նմբ 2019
    ԱԳՆ-ում հանրապետականներից ստացած նամակը քաղաքավարի չեն համարում

    Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ստացած նամակը արտգործ նախարարությունը անքաղաքավարի է համարում: Հայլուրի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսպես որակեց Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների նամակը, որը նրանք փոխանցել էին երեկ արտգործ նախարարության մոտ ակցիայի ժամանակ: Հանրապետական երիտասարդները ճամպրուկներով շենքի մոտ էին հասել այն պահին, երբ Զոհրաբ Մնացականյանը ճանապարհում էր Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովին: