17:48, 12 Մայ 2021
Քաղաքական

«Ադրբեջանցիները 1974-ի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են Սյունիքի ինչ-որ մի բարձունքի վրա և ասել, որ դա իրենցն է. կրակոցներ, վիրավորներ չկան». Անդրանիկ Քոչարյան

«Ադրբեջանցիները 1974-ի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են Սյունիքի ինչ-որ մի բարձունքի վրա և ասել, որ դա իրենցն է. կրակոցներ, վիրավորներ չկան». Անդրանիկ Քոչարյան

Այսօրվա մեր ամենակարևոր առաքելությունը հրադադարի ռեժիմը պահելն է, որ կարողանանք մեր կորուստները վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվել է Սյունիքում, դիրքային խնդիր է:

Քոչարյանը նշել է, թե ադրբեջանցիները 1974 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են ինչ-որ մի բարձրունքի վրա և ասել են՝ «դա մերն է»:

«Դա քաղաքական շահարկման և արտահերթ ընտրությունների շեմին քաղաքական գործընթացների մեջ ներգրաված ճոճանակի ենք վերածել։ Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել»,–ասաց նա և նշեց, որ դա մեր երկրի հարավային դարպասն է։

Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ այդ դիրքը այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ զինվորականի փոքր գործողության արդյունքում ադրբեջանցիները կհայտնվեն շրջափակման մեջ. «Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, քանի որ պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում։ Այս հարցը առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, իր մեջ, համոզված եմ, ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, մեր անվտանգային համակարգում Ռուսաստանի ներգրավվածության և հրադադարի ռեժիմի պահպանության հարցում։ Գաղտնիք չի, որ Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց խնդիրը այլ ձևաչափով բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունը այդքան էլ ցանկալի չէ»,–ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դա չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան։ Նա ասաց, որ սահմանների հետ կապված բոլոր հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն։ «Հիմա գնում են հստակեցումները, ճշտումները, բայց դրանց մեջ մենք այդպիսի գործողություններով կարող ենք հասնել նրան, որ հրադադրաի ռեժիմի հետ կապված խնդիր չառաջանա»,–ասաց նա և նշեց, որ կարծում է ադրբեջանցիները այդ բարձրունքից հետ են գնալու։

Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է ապատեղեկատվությանը մատների արանքով նայի։  «Այստեղ Ռուսաստանը մտածելու բան ունի և դրա համար եմ ասում՝ բախման խնդիրը հեռանկար չունի, եթե մենք արհեստական չներքաշվենք բախման տրամաբանության մեջ։ Կա պրոբլեմ, բայց լուծումը մոտ է, չկա վիրավորներ, չկա կրակոցներ։ Զանգեզուրը իրենց համար խաղալիք չի, ինչպես կասեր դասականը՝ խելոք նստեղ տեղներդ»,–ասաց նա և նշեց, որ այդպիսի դեպքեր դեռ լինելու են։