14:48, 29 Մայ 2020
Իրավական

ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը

Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։

Դատարանը միաձայն արձանագրել է, որ չի կարող պատասխանել ՀՀ ՍԴ առաջին երկու հարցերին։

Դրանք են՝

1.արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,

Դատարանը նշել է, որ չեն կարողացել գտնել ուղիղ կապ՝ հարցերի ու ընթացիկ ներքին դատավարության միջև, որը հարուցվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ենթադրաբար, 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու փորձի համար»,-ասվում է հաղորդագրությունում։

Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
ՄԻԵԴ-ը գտել է, որ այդպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։

Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։

Անդրադառնալով ՍԴ չորրորդ հարցին, որը վերաբերում է 300.1 հոդվածի հետադարձ կիրառմանը, ՄԻԵԴ-ը նշել է, որ նման գնահատականները պետք է հաշվի առնեն գործում առկա կոնկրետ հանգամանքները և ոչ թե իրականացվեն վերացական ձևով։ ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ ՀՀ դատարանները, հաշվի առնելով գործի հանգամանքները, պետք է հիմնավորեն՝ որ օրենքն է ավելի բարենպաստ մեղադրյալի համար. այն, որն ընդունվել է հանցանքից հետո, թե հենց այդ ժամանակ գործող օրենքը։ Եթե հանցանքին հաջորդող օրենքն ավելի խիստ է, ապա այն չի կարող կիրառվել։

 

Աղբյուր՝ Փաստինֆո

Նմանատիպ նորություններ