14:54, 4 Նմբ 2019
Բլոգ

Բարձր քաղաքականություն

Բարձր քաղաքականություն
-Խաչո՛, դու մեղք գործե՞լ ես:
-Երեւի: Ի՞նչ իմանամ. սարի գլխին երկու անտերի պես նստած ենք: Էդ ինչի՞ էդ հարցը մտքովդ անցավ:
-Բա չիմանա՞մ՝ վերջում մի կաթսայում ենք էփվելո՞ւ, թե՞ չէ:
-Հիմա էս ոչխար պահելը մե՞ղք է, թե՞ չէ:
-Մեղք է, բա ինչ է:
-Լավությո՞ւն էլ չի, մե՞ղք է:
-Հա՜, մեղք է: Թողեինք ազատ վազեին սարերում, իրենց գառներին մեծացնեին:
-Իսկ մենք դեռ սրանց քառասուն օրը չլրացած, ինչ է թե կաթնահամ գառան միս ենք ուզում, բռնում ու մորթում ենք: Տիրոջն էլ ասում ենք՝ ծնվելն ու սատկելը մեկ էղավ:
-Մարգա՛ր, իմ պապը ոչխար է պահել, հերս պահել է, ես պահում եմ, տղա էլ չունեմ, թե չէ՝ ինքն էլ կպահեր: Հիմա իմ սաղ ազգը մեղքի մեջ է, ինչ է թե գառներին չենք թողնում դաշտերում վազեն: Գառներին ազատ թողիր թե չէ՝ կգնան գելի բերան կընկնեն: Դրանք փորձանքի տեղը լավ գիտեն ու սաղով գլուխները կախ, բառաչելով էդ կողմն են գնում: Դրա համար ենք առաջները կտրում, փոխում ուղղությունները, որ մեր գլուխն էլ չուտեն:
-Է՜հ, Խաչո, անտեր մնա, բա էս կյա՞նք է: Մենք մեզ տեր ենք կարգել էս սարերում, բայց խալխի ոչխարներին ենք տիրություն անում, որ փորձանքի ռաստ չգան: Ուրիշի՛ համար ենք մեղք գործում, էլի:
-Էդ ինչի՞ ես մեղքը գցել գլուխդ: Քեզ ի՞նչ է եղել:
-Մտածում եմ էլի, մենք հլը ջհանդամ, բա սրանց կյանքը կյա՞նք է՝ ուտում են ու մեռնում:
-Բա գիտես մենք էտ ոչխարներից ինչո՞վ ենք առավել:
-Գիտեմ-գիտեմ, մենք իրանց էլ ենք ուտում:
-Կուզե՞ս ասեմ՝ մեղքը որն է...
-Զահրմա՜ր: Էս մեր գառները ինչի՞ էսպես սկսեցին բառաչել:
-Քեզ թագավոր են ուզում կարգել:
-Խաչո՛, էլի հումորասաց դառա՞ր: Դու ասա՝ տեսնեմ մեղքը ո՞րն է:
-Մեղքը՝ անմեղք մնալն է:
-Անմեղք՝ այսի՞նքն:
-Դե եթե մեղք չունես, ուրեմն մեղք ես գործել:
-Էդ ո՞նց:
-Որովհետեւ մի կյանք ես ապրում, որ գառի պես դեսը քշվես, դենը քշվես, բառաչեն՝ բառաչես, ուր նայեն՝ նայես, ամեն ինչ նույն կերպ՝ սաղի պես՝ անմեղ: Բա մեղք է էլի: Վերջում էլ, թե էս ոչխարներն իրենց պահողի ձեռով են գնում, դու չես էլ իմանա՝ ում ձեռով կգնաս: Մեղք է էլի անմեղ ապրելը:
-Խաչո՛, տեսնես էս սրանք մեզ լսու՞մ են, որ սենց աչքները չռած՝ նայում են ու նայում:
-Ոչխար են էլի...
 
 
Հեղինակ՝ Արթուր Սահակյան

Նմանատիպ նորություններ

  • 15:19, 8 Հոկ 2019
    Ներսի՛ց է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսի՛ց ենք փչացած. Հովհաննես Թումանյան

    Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի: Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ: Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում:

  • 11:25, 21 Սեպ 2019
    Ցավդ տանեմ, Հայաստան. Հովիկ Աֆյան

    Անկախությունն ուրեմն փորձելն է, որովհետեւ անկախությունը խալխի կաֆեում հարբել-քնելը չէ, անկախությունը սեփական կամքով անքուն մնալն է:

  • 14:43, 23 Օգս 2019
    Ախ այդ անտանելի Պողոսը. Աղվան Ասոյան

    Շատ կարդացեք, գուցե այդ ժամանակ համընդհանուր որոշումներն ավելի արդարացի ու ճիշտ կդառնան: Դե տգետները կքչանան:

  • 12:22, 25 Հլս 2019
    Եվրոպա. Հովիկ Աֆյան

    Օլիվերի հայրը նոր էր ավարտել հանքափորի իր աշխատանքը և նրանից քրտինքի հոտ էր գալիս: Օլիվերի մայրն էլ նոր էր ավարտել իր` հացթուխի աշխատանքը և նրանից հացի բույր էր գալիս: Հետո ծնվեց Օլիվերը:

  • 21:38, 8 Հլս 2019
    Բռնաբարություն 2 գործողությամբ. Աղվան Ասոյան

    Կան գործազուրկ մարդիկ, կան անաշխատունակ մարդիկ ու կան անմեղսունակներ: Չգիտեմ՝ որն է գերակշռում մեր հասարակությունում, բայց մի բան գիտեմ հաստատ՝ վերջին կատեգորիան օժտված է հասարակական կարծիքի վրա ազդելու ու մեծամասնությանն իր հետևից տանելու մոգական ուժով:

  • 10:22, 29 Հնս 2019
    Անհրաշք. Հովիկ Աֆյան

    Հրաշքը փակվեց: Տղան ու աղջիկը համբուրվելու տեղ չունեին: