12:35, 21 Մայ 2019
Բլոգ

Առաջ. Հովիկ Աֆյան

Առաջ. Հովիկ Աֆյան

Գնացինք: Առանց բառ ասելու, ճամպրուկների, որոնք չկային, վրա նստելու, մի վերջին անգամ ժպտալու, լացելու, ծխելու: Գնացինք քանի որ պետք չենք, չնայած սեր կա՝ փոխադարձ: Հեռանալն ու գալը բարդություններ են: Մարդ կա՝ չի կարողանում հեռանալ, մարդ կա՝ գալ չի կարողանում: Լուռ նստում է, լուռ գնում է: Մարդ կա երկուսն էլ շատ լավ է անում՝ ժպիտով, վազելով: Մարդ կա՝ ընկեր թողնելը ցավ է, մարդ էլ կա՝ նորին գտնելը խաղուպար…

Դուռը, որի բանալին անգամ չունեինք, փակեցինք ու գնացինք: Իբր երջանիկ, իբր չնեղված, մոռանալով, որ գնալը միշտ նեղվել է ու այդ մասին բոլորն էլ գիտեն: Ծով էլ չունի ոչ երկիրը, ոչ էլ դրա հակառակ կողմը, որ եզերքին քայլենք, անձրեւ էլ չկա, որ մի լավ թրջվենք, ձյուն էլ չի գալիս, որ թավալվենք գետնին. տոթին գնալը հեշտ չէ. տոթին մաքուր օդ չկա:

Գնացինք բարի: Չարացած գնալը կնիկություն է, կնիկությունը կանացիություն չէ, կին կա, որ կնիկ չէ, տղամարդ կա, որ կնիկ է: Գնացինք ազնիվ, գործը՝ կիսատ, բայց ազնիվ: Գնացինք, քանի որ փողոցն այլեւս մերը չէր, քաղաքն այլեւս օտար էր, երկրի հակառակ կողմում էինք, որտեղ սիրո հաղթանակը միայն օպերային ներկայացման աֆիշ է, որի ամսաթիվը նշված չէ ու որեւէ մեկը չգիտի, թե պրիմիերան երբ է, օպերան ինչ է:

Գնացինք՝ անհաշտ, նախ եւ առաջ ինքներս մեզ հետ, որ այդպես էլ չսովորեցինք սրիկա լինել սրիկաների մոտ, ազնիվի տարբեր երանգներով քողի տակ դեմքներս ծածկելուն խորթ մնացած, գնացինք՝ գիշերները չքնելու, քանի դեռ չենք հասկացել, թե ինչո՞ւ:

Ու հարցերին համատարած, մաղթանքներին՝ ամեն կողմից, ժպիտներին ընկերական, հռհռոցին խիստ վայրենի մենք ասացինք՝ դուք խոսացեք, մենք դեռ լռենք: Եթե կուզեք՝ մենք պարտվեցինք, մեզ հաղթեցին ու գնում ենք՝ մի պարտությամբ, որի դեպքում գլուխները չեն խոնարհում:

Հեռանալիս կամ լռում են, կամ արտասվում կամ էլ ծեծում: Մենք գնացինք այս փողոցից՝ չնահանջած, շատ բան տեսած՝ ոչինչ չասած:

Դուք հաղթեցիք, մենք հեռացանք հաղթանակած:

Բայց գնում ենք ոչ թե գետով, այլ հակառակ: Գետով գնալը գետի վերջի հետ հանդիպումն է, դրան հակառակ շարժումը՝ դեպի սկիզբն ընթացք է: Վերջի մասին գիտնականներն ու քահանաները դեռ լռում են: Սկիզբ:

Գնում ենք՝ առանց գրկելու ու գրկվելու, գնում ենք՝ ասես հենց այդպես է պետք: Գնում ենք ձիերից իջած, որ դանդաղ տեղ հասնենք ու շատ բան տեսնենք՝ ճանապարհին, որը կյանք է կոչվում:

Մնալը ճիշտ է, երբ աղբը ողջ քաղաքն է ծածկել, գնալն՝ ավելի: Չկա մի մարդ, նույնիսկ եթե նա Աստծու որդին է, որը կկարողանա հաղթել անծայրածիր աղբը: Քանի դեռ մարդիկ ուտում են, քաղաքներն աղբակույտ են հիշեցնելու: Բոլորս ենք ուտում…Սերը:

Գնացինք՝ խմելու մնացողների կենացը՝ մինչեւ հիշողության ջնջվելը:

Որտեղի՞ց գնացինք ու քանի՞ հոգով, քանիսի՞ն թողեցինք եւ ինչո՞ւ: Գնում են մարդիկ, մնում են մարդիկ: Ու մարդիկ միշտ են գնում և մարդիկ միշտ են մնում ու մարդիկ միշտ են գալիս…արդեն շուրջ 3000 տարի:

Նմանատիպ նորություններ

  • 14:22, 22 Հնս 2019
    Սարգիսն ու Վալենտինը մի տեղ խմում են. Հովիկ Աֆյան

    Մրսում ես ոչ թե ձմռանը, այլ չսիրելուց: Մանավանդ, երբ զարթնում ես մեկի կողքին, որի վրայից անտանելի հոտ է գալիս: Միշտ է եկել, հաճախ է եկել, բայց նոր ես զգում: Բացում ես աչքերդ ու ուզում ես փակել: Ցրտից:

  • 18:04, 15 Հնս 2019
    Շուշա կոնֆետ. Աղվան Ասոյան

    Տենց էլ չհասկացա, թե ինչի էին ախմախ ասում, բայց բիձեն ճիշտ էր, հիմա երևի մենակ ես եմ հիշում իրեն: Մեռնելուց հետո բուդկեն բուլդոզերով քանդեցին, հենց թաղման օրը, հետն էլ վարի տվեցին կողքի ծիրանի ծառը:

  • 22:33, 11 Հնս 2019
    Հովոն. Աղվան Ասոյան

    Հովոն մեր մոտերի երազողն էր, տխմարների շրջապատում ստեղծած երևակայական կիսաքանդ խրճիթով, որի պատերը դուզգյունի տենց էլ չշարեց:

  • 11:57, 8 Հնս 2019
    Երջանկության գութանը. Հովիկ Աֆյան

    Դուք երջանի՞կ եք: 

  • 11:48, 4 Հնս 2019
    Երեք կապիկ. Աղվան Ասոյան

    Այսօր ուզում եմ խոսել հենց ավանդապահությունից: 

  • 11:30, 1 Հնս 2019
    Բարի վագրը. Հովիկ Աֆյան

    Սա չեմ խաբում, ներսում էլ, դրսում էլ, դու գետերի ու ծովերի արքայադուստրն ես...