13:48, 26 Մար 2020
Առողջապահություն

Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի.

«Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:

Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:

Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։

 

Աղբյուր՝ Politik.am

Նմանատիպ նորություններ

  • 00:13, 3 Ապր 2020
    Պատերազմ՝ անտեսանելի թշնամու դեմ

    Երեք օրում Հայաստանում դեպքերը գրեթե 200-ով են ավելացել: Այսօրվա 92 նոր դեպքը՝ երեկվա համեմատությամբ 53-ով ավել է: Այս թռիչքային աճի պատճառը վիրուսի տարածումն է ու նոր օջախների առաջացումը, կան նաեւ բերովի դեպքեր: Այսօր առողջապահության նախարարն է ասել, ի դեպ Թորոսյանը չի համարում որ սա թռիչքային աճ է:  

  • 00:03, 3 Ապր 2020
    Կորոնավիրուսի դեմ՝ անցյալ դարի պատվաստանյութո՞վ

    Կորոնավիրուսի դեմ պայքարին կարո՞ղ է արդյոք օգնել հարյուր տարի առաջ հայտնաբերված ԲԷ-ՑԷ-ԺԷ պատվաստանյութը: Ֆրանսիայում, որտեղ վերջերս բժիշկներին պաշտոնապես թույլատրվեց օգտագործել մալարիայի բուժման համար նախատեսված Քլորոքինը, հիմա էլ՝ կլինիկական փորձարկումներ են սկսել՝ պարզելու՝ հակա- տուբերկուլյոզային ԲԷ-ՑԷ-ԺԷ պատվաստանյութի էֆեկտիվությունը:

  • 23:55, 2 Ապր 2020
    «Դուք մեզ եք պետք, մենք՝ ձեզ». Աշխարհը՝ կորոնավիրուսի դեմ

    Այսօր երկրագնդի բնակչության կեսը ինքնամեկուսացած է: Սա վարակի տարածումը կանխելու գլխավոր միջոցներից է: Ինտրովերտները շփման սահմանափակումից չեն նեղվում, իսկ էքստրովերտները շարունակում են շփման ուղիներ գտնել:

  • 22:46, 1 Ապր 2020
    Պատուհաններից բարություն կախած աշխարհը

    Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, կորոնավիրուսի պատճառով աղքատության շեմին կարող է հասնել 11 միլիոն մարդ՝ միայն Արեւելյան Ասիայում եւ Խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանում: Բայց աղքատներն ամենուր են: Նույնիսկ Եվրոպայի ամենահզոր տնտեսությամբ երկրում ՝ Գերմանիայում, որտեղ անօթեւանների առաջ դռներն են բացում շքեղ հյուրանոցները:

  • 22:37, 1 Ապր 2020
    Կորոնավիրուսի ծննդավայրն առողջացել է

    Իսկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվեց համաճարակը, մեկ շաբաթից կվերացվեն տեղաշարժի բոլոր սահմանափակումները: Այնտեղ կյանքը վերադառնում է բնականոն հուն: Մարդիկ անարգել շրջում են, գնում՝ աշխատանքի:

  • 22:36, 1 Ապր 2020
    Հայաստանում արտակարգ ռեժիմը խստացվում է

    Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ավելի է խստացվում: Մինչեւ ապրիլի 12-ը դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, բնակչության ազատ տեղաշարժը՝ մարզերի ու Երեւանի միջեւ: Մայրաքաղաքի մուտքերի մոտ տրանսպորտի շարժը վերահսկում են Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Ի՞նչ է այսօրվանից փոխվում մեր կյանքում: