22:13, 3 Նմբ 2019
Աշխարհ

Մարդասիրական զենք

W7iQ-hp7fXs Դիտումներ

Հայաստանը շատ վաղուց ծովից ծով չէ, բայց բարեկամներ ունի օվկիանոսից օվկիանոս, Անդրօվկիանոսյան մի լուր այս շաբաթ շատ ոգեւորեց հայերին: Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանություն ճանաչող համար 296 բանաձեւը: Ու մինչ շնորհակալությունների երթ էր Երեւանից Վաշինգտոն, փորձագետները չափավոր ոգեւորությամբ, նկատեցին այդ փաստաթղթի ընդունումը չի նշանակում, թե Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սենատն էլ պետք է ճանաչի և ի վերջո նախագահը պետք է «Մեծ եղեռն» արտահայտության փոխարեն ասի Հայոց ցեղասպանություն: Հայկական հարցով զբաղվող կոնգրեսականների ու Հայ դատի գրասենյակի ջանքերը ոչ ոք չի ուրանում: Բայց շատերն են հարցնում, ինչո՞ւ հիմա ընդունվեց հայկական բանաձեւը: Որովհետեւ ԱՄՆ բարկացած էր Սիրիա ներխուժած Թուրքիայի վրա, թե աշխարհաքաղաքական իրողությունները ծանր ու թեթեւ անելով մերոնք կարողացան ճիշտ կողմնորոշվել ու մեր շահը առաջ տանել: