15:14, 7 Հոկ 2019
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանն ինձ որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Ս․ Օհանյան

Ռոբերտ Քոչարյանն ինձ որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Ս․ Օհանյան

Yerevan.Today: «Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի խոսքով, երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է․ «Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրությանը համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող  է նրանց հետ առնչություն ունենալ ու ինչ-որ կերպ ազդել»։

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված զինծառայողների հետ որևիցե առնչություն չի ունեցել․ «Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, Ռոբերտ Քոչարյանը Գլխավոր շտաբի պետին՝ ինձ, որևիցե մի ցուցում, որևիցե մի հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին»։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների ստորագրահավաքին, որով պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․ «Այն քաղաքական-հասարակական գործիչները, որոնք գնահատում են իրավիճակը, համապատասխան միջոցներ ձեռնարկում են: Կարելի է այդ ամենը իրականացնել և թույլ տալ նաև, որ ինքը լինի ազատության մեջ` առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ հոկտեմբերի 8-ին դիմելու է Գերմանիայի Դաշնության դեսպանատուն` բուժման նպատակով մեկնելու համար:

 

Նմանատիպ նորություններ