12:12, 4 Նմբ 2019
Հասարակություն

«ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել. ԿԳՄՍՆ

«ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է վերջին օրերին հասարակության կողմից բուռն եւ բացասական արձագանք ստացած ներկայացման վերաբերյալ.

«Ի պատասխան լրագրողների հարցումների՝ հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։

Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: