11:30, 21 Սեպ 2020
Հասարակություն

Անկախությունն անսակարկելի արժեք է. ՀՅԴ ՀԳՄ ուղերձը Անկախության տոնի առթիվ

Անկախությունն անսակարկելի արժեք է. ՀՅԴ ՀԳՄ ուղերձը Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, 

1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն հանրաքվեով վերահաստատեց  անկախ պետականություն կառուցելու հավաքական կամքը՝ հայտարարելով ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության նոր երթի սկիզբը:

Մեր անկախության քսանիններորդ տարեդարձն ենք նշում, սակայն անկախության երազանքով ապրել և անկախ պետականության գաղափարն ու տեսլականը կոփել են տասնյակ սերունդներ: Անցյալ դարասկզբին կարճատև, բայց մեզ հաջողվել է անկախ պետականություն հիմնել: Անկախության երազանքն, այնուամենայնիվ, չի ընդհատվել անգամ Խորհրդային Հայաստանում:  Իբրև ազգ և իբրև պետություն` մենք  այդ երազանքի, մեր պատմական երթի ժառանգորդն ենք՝  այդպիսով հաշվետու լինելով  ու դասեր քաղելով անցյալից, նաև պատասխանատու լինելով ապագայի համար:

Անկախությունը հենց ինքն ամենամեծ, անսակարկելի արժեք է: Մեր անկախությունը պսակվել է ամենամեծ ձեռքբերումով՝ Արցախյան ազատամարտում մեր հաղթանակով, հակառակորդին պարտադրած խաղաղությամբ:

Անկախության ճանապարհը հեշտ չենք անցել, ձեռքբերումների կողքին արձանագրել ենք նաև թերացումներ, որոնց մի մասը առարկայական պատճառներ են ունեցել: Սակայն զարգանալու և չզիջելու, բարեկեցիկ, արժանապատիվ ու մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել:

Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը, տարածաշրջանային ահագնացող անվտանգային սպառնալիքներին զուգահեռ, բազմաթիվ ներքին մարտահրավերներ է դիմագրավում: Հասարակական հարաբերություններում խորանում է անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտը, մտահոգիչ է երկրի զարգացման ընթացքը:

Մենք գիտակցում ենք, որ մեր անկախ, ազգային պետականության առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային միասնականությամբ, անկախության արժեքներին ու նպատակների հավատարմությամբ և բարձր նշաձող ունեցող քաղաքական կամքով:

Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք  Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առթիվ և համոզում հայտնում, որ միասին մեզ կհաջողվի մեր անկախության երթը նշանավորել անկասելի ձեռքբերումներով:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

21 սեպտեմբերի 2020  թ.

 

 

Նմանատիպ նորություններ